ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արձանագրություններ, որ հաստատում են` ամառը շարունակվում է

Արձանագրություններ, որ հաստատում են` ամառը շարունակվում է
08.09.2009 | 00:00

ԼԱՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Աստծո անցած յոթ օրում եկավ աշունը, բայց ամառնավերջի մի քանի ժամերը հասցրին ամառը դարձնել թեժ ու բեղուն: Քաղաքական ու պատմական իմաստներով:
Սեպտեմբերի 1-ին սկսվեց նոր ուսումնական տարին, տարբեր կուսակցապետեր առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ նվիրեցին, իսկ երկրի նախագահը մի անհավես ուղերձ հղեց առ ուսուցիչներն ու աշակերտները` հիշելով ու հիշեցնելով, որ «Գիտելիքը հզոր զենք է» արտահայտությունը հատկապես արդիական է ներկա աշխարհում: Մեկ էլ` որքան կրթված է հասարակությունը, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի կազմակերպելու իր կյանքը, ապահովելու իր բարեկեցությունը, պահպանելու և զարգացնելու իր մշակույթը:
Սեպտեմբերի 2-ը հայկական երկրորդ պետության անկախության տոնն է: Ճիշտ է, դեռ չճանաչված, բայց գոյություն ունեցող, ապրող ու առկա, անշրջանցելի, իբրև տարածք, անհերքելի, իբրև փաստ, անդառնալի, իբրև այլընտրանք: Երկրորդ պետություն, որի պորտալարը Եռաբլուրում է կտրվել, փոքր ու ուժեղ երկիր, որի գոյությունը տարածաշրջանի գլուխկոտրուկներից է: Տոնը ուղիղ համեմատական է տրամադրություններին, որ դժվար է տոնական համարել: Լարվածությունը զսպանակի պես կուտակվում է, զսպանակը դեռ սեղմվում է, երբ է բացվելու` կերևա: Դա ևս պարադոքս է` զսպանակի օրենքով զսպանակը չի կարող միայն սեղմվել, ինչ-որ պահի պիտի բացվի։
Շատ բարեխիղճ ու լավ դաստիարակված մի ֆրանսիացի աղբանոցում 100000 եվրո է գտել ու վերադարձրել տերերին` թոշակառու զույգին, որը ծերանոց տեղափոխվելու գործընթացում իրերը կապկպելիս ավելորդ է համարել տուփով եվրոները: Բայց ֆրանսիացին մնում է ֆրանսիացի` նույնիսկ ավելորդ տուփում իրենց այցետոմսն են թողել:
Նրանք բոլորը հայտնվեցին աշխարհի հեռուստաընկերությունների եթերում` կորցնողները, գտնողը, եվրոները, և ամեն մի հեռուստադիտող իրեն պատկերացրեց նվիրական տուփը ձեռքին` հետոյի իր ծրագրով ու իր պարադոքսով:
Այս շաբաթ մեծ քսանյակի երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները վերստին հանդիպեցին Լոնդոնում` քննարկելու հակաճգնաժամային իրենց գործողությունները: Քննարկման թեմա են եղել միջազգային ֆինանսական ինստիտուտների դերը, մակրոտնտեսական կոնյունկտուրան ու տնտեսության վերականգնման չափորոշիչները: Նախարարներն ու բանկիրներն անդրադարձել են նաև կլիմայի փոփոխության խնդիրներին, որոնց նվիրված գիտաժողով է լինելու Կոպենհագենում: Սա էլ բնության պարադոքսն է` հալչող Անտարկտիդան, որ գուցե, ի վերջո, երևան բերի անհետացած Ատլանտիդան, եթե Ատլանտիդա ընդհանրապես եղել է: Դժվար է այսօր հավատալ, թե ինչ-որ ժամանակ ամբողջ Եվրոպայի տարածքում եղել են սառցադաշտեր, իսկ Անտարկտիդան կանաչ օազիս է եղել:
Համայն աշխարհի հայ դեսպանները ավանդական հանդիպման եկան հայրենիք: Ծանր է նրանց վիճակը` մենք մեր տանը նստած անելիքներս չգիտենք, իսկ նրանք օտար երկրներում պիտի մեկնաբանեն մեր չիմացածն ու հասկանալի դարձնեն աշխարհին այն, ինչ ոչ ոք չի հասկանում: Լեզուն դիվանագետին տրված է մտքերը թաքցնելու համար: Հայ դիվանագետին` մտքերն անկեղծորեն աշխարհին հայտնելու: Որովհետև մենք կարևորում ենք մեր իմիջը, բայց չենք հասկանում դրա ձևավորման պարադոքսները: Սեպտեմբերի 1-ին երկրի նախագահի մակարդակով դեսպաններին բացատրվեց` մեծ աշխարհի մեր անկյունից ինչ գնահատական տալ եղած-չեղածին: Դեսպանները, վերադառնալով նշանակման վայրեր, պիտի ասեն, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցություններն ընթանում են տեսանելի և միանգամայն հասկանալի տրամաբանության շրջանակներում»: Ի՞նչ է դա նշանակում` ով ինչ հասկանա: Կամ` արդեն 6 հանդիպում է եղել Ադրբեջանի նախագահի հետ, 2008-ի նոյեմբերին ստորագրվել է Մայնդորֆյան հռչակագիրը, Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների հայտարարությունն է եղել, համանախագահները հանրայնացրել են մադրիդյան սկզբունքների հիմնական ուրվագծերը: Եվ հանրությանը հնարավորություն է տրվել համոզվելու, որ չկա անհայտ որևէ կետ: Դեսպանների առաջ ելույթ ունենալով` ՀՀ նախագահը հայտարարել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի բազմաշերտ անվտանգության երաշխավորման խնդիրներն առանցքային են: Սերժ Սարգսյանն ասել է. «Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ ղեկավար, ով ներգրավված է արցախյան հիմնախնդրի լուծման մեջ, քաջ գիտակցում է, որ մեծ պատասխանատվություն է կրում իր ժողովրդի, նրա պատմության և ապագա սերունդների առջև: Ցանկացած այլ կարծիք կա՛մ անտեղյակության արդյունք է, կա՛մ մանր սպեկուլյացիա: Իսկ արցախյան հիմնահարցն այն խնդիրը չէ, որտեղ թույլատրելի են մանր սպեկուլյացիաները»: Նշվել է, որ խնդրի կարգավորումն օրերի, շաբաթների, ամիսների հարց չէ: Բոլորը պետք է հստակ պատկերացնեն, որ բանակցություններն ընթանում են կարգավորման հիմնական սկզբունքներից մի քանիսի շուրջ: Եվ պարզվել է, որ այս փուլում արցախյան հարցում լրիվ երջանկության համար այնքան քիչ պահանջներ ունենք` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը բանակցային գործընթացի շրջանում և հասնել խնդրի ճիշտ ընկալմանը միջազգային հանրության կողմից: Ի՜նչ համեստություն հայկական երկրորդ պետության գոյության 18-րդ տարում: Ի՞նչ է սա, եթե ոչ հայկական պարադոքս:
Օգոստոսի 31-ին, գիշերային աշխատաժամանակի օգտագործման իրեն արդարացրած արդյունավետությանն ու անակնկալի էֆեկտին տուրք տալով, արտաքին գործերի նախարարությունը հայ-թուրք-շվեյցարական համատեղ հայտարարություններ տարածեց` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ. «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»: ԽՍՀՄ-ի առաջին և վերջին նախագահը կասեր` процесс пошел!!!
Արդեն սեպտեմբերի 1-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տարածեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կարծիքը. Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին և խրախուսում նրանց կրկնապատկել ջանքերը արագորեն համաձայնագրեր ստորագրելու համար: Սարկոզին համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային կայունությանը նպաստող պատմական նշանակություն կունենա:
ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը ևս շատ արագ արձագանքեց` «Սա մի քայլ է, որին ԵԽԽՎ-ն երկար է սպասել և աշխատել դրա շուրջ: ԵԽԽՎ-ն, որտեղ Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականներն աշխատում են որպես գործընկերներ, պատրաստ է օգնելու ցանկացած հարցով, որը կնպաստի երկու երկրների միջև առաջընթացին: Ես անհամբեր սպասում եմ այդ երկու արձանագրությունների վավերացմանը երկու երկրների խորհրդարանների կողմից»:
ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ դրական է վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման պատրաստակամությանը` իբրև վաղուց սպասված գործընթացի: Արձանագրությունների նախագծերի, դրանց իրականացման ժամանակացույցի նախնական վերլուծությունը ցույց է տալիս այդ հարցերի մշակման լրջությունը և ճանապարհի իրենց մասն անցնելու պաշտոնական Երևանի ու Անկարայի վճռականությունը: Այս փաստաթղթերով նշված քայլերից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել իբրև երրորդ կողմին վնաս հասցնող քայլ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարեց, թե իր երկիրը սահմանը կբացի այս տարեվերջին: Ահմեդ Դավուդօղլին այդ մասին ասել է թուրքական NTV հեռուստատեսության եթերում:
Ըստ ՀՀ նախագահի` արձանագրություններն արտացոլում են երեք առանցքային իրականություն.
1. Թուրքիայի հետ վարած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ այլ խնդրի վերաբերող նախապայման:
2. Հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովի ձևաչափով:
3. Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարևորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ, որոնք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները:
ՀՀ նախագահի հետ, սակայն, քաղաքական կուսակցություններից ոչ բոլորն են համամիտ: ՀՅԴ-ն, օրինակ, կարծում է, որ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ և հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն: ՀՅԴ-ն անընդունելի է համարում Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան և կենսունակ լինելիության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին: Կուսակցությունը համոզված է, որ հրապարակված արձանագրությունները բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկելը և հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներն ի չիք դարձնելը, հայ-թուրքական գործընթացի պայմանավորումը ղարաբաղյան խնդրով: Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, և կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ:
ՀԱԿ-ը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության շահերից և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություններն այդ ուղղությամբ համարում է զգալի տեղաշարժ: ՀԱԿ-ն անընդունելի է համարում հայ և թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման դրույթը, որը կասկածի տակ է առնում ցեղասպանության իրողությունը: Մտահոգիչ է համարվում երկու երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթերի վավերացման պայմանը, որը ՀՀ նախագահին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ ձգձգել վավերացման հարցը և թուրք-հայկական սահմանի բացումը:
«Ժառանգությունը» անթույլատրելի և անընդունելի է որակում Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության կողմից հասարակությանը կայացած փաստերի առաջ կանգնեցնելու գործելաոճը, որն անվստահություն է հարուցում: Կուսակցությունն իր վրդովմունքն է փոխանցում, որ ամիսներ շարունակ ՀՀ իշխանություններն ու միջազգային դիվանագետները ներկայացրել են, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը երկուստեք առանց նախապայմանների է ընթանում, մինչդեռ հրապարակված արձանագրությունները վկայում են թուրքական նախապայմանների առկայությունը: «Ժառանգությունն» ահազանգում է, որ նախաստորագրված արձանագրությունների անփոփոխ վավերացումը կործանարար ազդեցություն և անդառնալի հետևանքներ է ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ Հայաստանը Թուրքիային նվիրաբերում է ադրբեջանական տարածքային ամբողջականության շրջանակներում նրա հողերի բռնազավթումից խոսելու իրավունքը, մինչդեռ իրեն զրկում է իր հայրենիքը Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատմական փաստերի մասին խոսելու իրավունքից: Կուսակցությունը պահանջում է հանրաքվեի դնել արձանագրությունները ստորագրումից ու վավերացումից առաջ` երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով:
ԲՀԿ-ն համարում է, որ արձանագրություններում արտացոլված են առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց կուսակցության մոտեցումները և կարծում է, որ հայ-թուրքական առանց նախապայմանների երկխոսության ծավալումը խթան կարող է հանդիսանալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի և թուրք հասարակության շրջանում հանրային գիտակցության փոփոխման հարցում: ԲՀԿ-ի համար ընդունելի է, որ արձանագրություններում բացակայում է որևէ հիշատակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը որպես նախապայման թուրքական կողմը բազմիցս ներկայացրել էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ: Հարաբերությունների կարգավորման դրական միտումներ պարունակող առաջարկ է որակվում միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը թույլ կտա կառավարական ամենաբարձր մակարդակով քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Արձանագրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ամերիկայի հայկական համագումարը, ասելով, թե սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների: Հստակ նշվում է, որ Թուրքիան պետք է վերացնի շրջափակումը և դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: Թուրքիայի` Հայաստանի շրջափակման վերացումը և սահմանի բացումը ոչ միայն շատ ուշացած, այլև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություն է: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը Թուրքիայից պահանջում է համակերպվել իր անցալի հետ: «Նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ճարտարորեն խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Մենք լիովին համաձայն ենք և հորդորում ենք նախագահ Օբամային ու ԱՄՆ-ի Կոնգրեսին` աներկբա հաստատել Հայոց ցեղասպանությունը: Այդ անելով` Միացյալ Նահանգներն ԱՄՆ-ի պատմության մեջ պարծանքի արժանի էջ էր բացել դեռևս այն ժամանակ` օգնության ձեռք մեկնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրածներին»: ԱՀՀ-ն մտահոգիչ է համարում, որ արձանագրությունների մասին հաղորդագրության տարածման օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին իրարամերժ հայտարարություններ արեց, շեշտելով, որ սահմանի բացումը երկար գործընթաց է լինելու, և Թուրքիան պաշտպանելու է Ադրբեջանի շահերը: Նախարարի այս հայտարարությունները ոչ միայն հակասում են արձանագրություններին, այլև ԱՄՆ-ի քաղաքականությանը` հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետում:
Հայ-թուրքական առնչությունների, դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների նախագծերի քննարկման նպատակով առաջիկայում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:
Թուրքիան կարող է աջակցել Հայաստանի ընդգրկմանը «Նաբուկո» նախագծում, դրան կարող է նպաստել նաև Եվրամիությունը, որը նախընտրում է տրանզիտային երկիր տեսնել Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը:
ՈՒրիշ ի՞նչ: ԱՄՆ-ը կարող է համարել, որ որոշակի հաջողության հասավ այս փուլում, իսկ հետո՞: Կերևա աշնանը, ավելի ճիշտ` ձմռանը, իսկ գուցե և 2010-ին:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ